Ծաղկազարդարի (Ծառզարդարի) հիմնական ծիսական գործողությունները

Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու,
ուռենու պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության,
պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու
տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և
ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ: Ծառը զարդարում էին շորի
պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար,
որը խորհրդանշել է գարնան գալուստը:
Աստվածաշնչի մեջ կարդում ենք. «Եվ Տեր Աստված արևելյան կողմը` Եդեմի մեջ,
պարտեզ տնկեց` «Եդեմի պարտեզը», ու իր շինած մարդը հոն դրեց: Եվ Տեր Աստված
պարտեզին մեջտեղը Կենաց ծառը` Բարին ու Չարը գիտենալու ծառն էլ բուսցուց»:
Քրիստոնեության շրջանում վերաիմաստավորված կենաց ծառը նույնացվել է
Աստվածածնի հետ, այն առնչվում է խաչի, խաչափայտի, դրախտի հետ:

Ծառզարդարի ճյուղի ձևավորում
Այգու էտած ճյուղերից մեկը զարդարում են ներկած, ձևավորած զատկական ձվերով,
զատիկներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով, գույնզգույն
ժապավեններով, եռասայր մոմերով: Ճյուղերին կարելի է ամրացնել եգիպտացորենի
հատիկներից պատրաստված ադիբուդի: Կարելի է կախել նաև ձևավորման այլ
պարագաներ:

Ծաղկազարդի օրվա մանկանց ծիսական երթը
Ծաղկազարդին կազմվել է երեխաների մի խումբ, որն այցելել է գյուղի բոլոր
ընտանիքներին, բարեմաղթանքներ հղել, Զատիկի ծեսի համար հավաքել հատկապես
ձվեր: Քանի որ սաները միայն նախակրթարանի տարածքում են, այցելում են խմբերից
մեկին, որը նախօրոք պատրաստում է հյուրասիրությունը՝ չներկած ձվեր, «հատիկ»,
քաղցրավենիք, ընդեղեն, խնձոր, և այլն:
Խմբի սաների ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր: Նրանք
դիմում են տանտերերին.
— Ծառզարդար, Ծառզարդար, ձեր տուն էկանք, Ծառզարդար:
Ապա հերթով կարող են ասել ինչպես բարեմաղթանքներ, այնպես էլ՝ մանկական
«զգուշացնող, վախեցնող» հղումներ: Օրինակ՝
— Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
— Ով էլ չտա` չոր քարին նստի:
— Ով մեր փայը տա` դալարի շեն մնա:
— Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
— Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:
Կարող են ինքնուրույն ստեղծել այլ հղումներ, օգտագործել այլ աղբյուրներից գտած
նմուշներ:
Այդ ընթացքում կարող են երգել «Կարկաչա» ծիսական երգը, որը ոչ թե սկզբից մինչև
վերջ է կատարվում, այլ փոքր հատվածներով, այն պահին, երբ հարմար է կամ
անհրաժեշտ:
«Տանտերերը», որոնք նախօրոք պատրաստել են հյուրասիրություն, հերթով դնում են
սինիների և դույլերի մեջ: Երեխաներն էլ իրենց հերթին տանտերերին նվիրում են
ուռենու օրհնված ճյուղեր, որոնց վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն:
Դրանցով մեկը թեթև խփում է մյուսի մեջքին և ասում.
— Մեջքը տեղը, կամքը` տեղը:
— Քամու տեղ, սրտի դեղ:
— Թող բոլոր հիվանդություները մեզանից հեռու մնան:
— Եվ այլն:
Նախկինում անցկացնում էին հավերին, որ գեր լինեն: Կարելի է ուռենու ճյուղերից
հյուսված օղակի միջով անցկացնել մանուկներին, որ առողջ լինեն, չհիվանդանան:
Ծաղկազարդի ասիկներ, բարեմաղթանքներ, մանկական «զգուշացնող, վախեցնող»
հղումներ
«Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով,
կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ
առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ
ստանում»:
ü Զարդ, զարդ, ծաղկազարդ, գարնան գովք ու զարդ, ծաղկազարդ ու ծառզարդար:
ü Ով որ չտա իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն` իրենց թթուն,
Ով որ կտա իմ երկու ձուն,
Աստված պահե իր փեսացուն:
ü Դուրս գանք, պատարագ անենք,
Չալ եզը մորթենք, մատաղ անենք,
Մատաղ սիրողը երկու ձու տա,
Զատկին խաղանք, քեֆ անենք,
Մինն ինձի, մինն իմ ընկերին,
Ով որ տա` զիզի բարձին նստի,
Ով չտա` չոր քարին նստի:
ü Խունկ առեք, մոմ առեք,
Տասներկու պատարագ արեք,
Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
Ով որ բերե` շեն մնա,
Ով չբերե` հավի փորին դեմ կենա:
ü Կարկաչա, կարին քյաչա,
Սև եզան սև սամոդա,
Կարմիր կովը շատ եղ կուտա,
Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:
ü Օրհնվեք, յոթը որդով սեղան նստեք:
Ծաղկազարդի խոհանոց
«Հատիկ»
Խաշած ցորենը, սիսեռը, չամիչն ու շաքարահատիկները (կամ շաքարավազը) խառնել
իրար: Լցնել որևէ հարմար ափսեի մեջ, ձևավորել: Տուն այցելող մանուկներին
նվիրաբերելու համար հատիկը լցնել մեկ անգամ օգտագործվող բաժակների մեջ, վրան
շարել գունավոր կլոր կոնֆետներ:
Զատիկին կատարվող ծիսական գործողությունները

Ակլատիզի վերջին փետուրն հանելու գործողություն

Այնթափցիները, որոնք փետրազարդ սոխը (Ակլատիզը) կոչում էին Խուլուճիկ, Մեծ
պասի վերջին օրը այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց
պատկերացումների, սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն
ամբողջովին` թռչուն, որ թռչում — գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով:
Այս գործողությունը կարելի է խաղալ երեխաների հետ

Հյուրասիրություն

Ափսեի մեջ լցնում են զատկական չամչով փլավ, ներկած ձվեր և հյուրասիրում
հարևաններին (դրկից):

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը
Ուտիս տատի երգը.
— Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Ամեն մարդու դեղ ունեմ,
Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:
Ուտիս տատը և Ակլատիզի զրույցը
Ուտիս տատը համոզում է Ակլատիզին, որ որքան էլ վերջինս ճիշտ է արել, որ թույլ չի
տվել շատակերություն, անկարգություն, բոլոր դեպքերում մանուկը մնում է մանուկ, թող
երբեմն անմեղ մանկական անկարգություն անի, մի քիչ էլ շատ ուտի, չէ՞ որ նիհարել են:
Ակլատիզն արդարանում է, ասելով, որ չնայած նիհարել են, բայց առողջ են: Ուտիս
տատն էլ հորդորում է, որ Ակլատիզը թաթախվի մածնի մեջ, ելնի կտուրը, թևեր առնի,
թռչուն դառնա, թռչի, գնա:
Երեխաներից մի քանիսը մոտենում են Ակլատիզին, բռնում ձեռքերից ու տանում մի
կողմ, որտեղ մի քանի երեխա շրջան են կազմել և դարձել «թաս», որի մեջ «մածուն» կա:
Ակլատիզին մտցնում են շրջանի մեջ: Շրջանը փոքրանում է, Ակլատիզ — Խուլուճիկը
կքանստում է: «Թաս» երեխաները ձեռքերը առաջ են բերում ու ծածկում են Ակլատիզին:
Քիչ անց շրջանը բացվում է, Ակլատիզը, որն այդ ընթացքում արագ հագնում է նախօրոք
պատրաստած թևերը, թռչունի նման թևերը թափահարելով` հեռանում է:
Երեխաները բացականչում են.
— Չիք, չիք, Ակլատիզը չիք:
— Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:
Ուտիս.
— Օրհնվեք, յոթ որդով սեղան նստեք,
Հազար էսպես սեղան նստեք,
Ու ձեր մինը հազար դառնա,
Դռներդ միշտ բաց կենա,
Օջախներդ վառ մնա,
Էսպես առատ սեղաններ
Ձեզնից ամեն մինն ունենա:
Երեխաներից մեկը կամ բոլորն ասում են.
— Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»:
Ուտիս.
— Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց.
Բոլորը.
— Քրիստոս հարյավ ի մեռելոց:
— Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
— Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Երգում են «Սուրբ Աստված սուրբ» հատվածը Պատարագից:
Երգում և պարում են զատկական Յալալի պարերգը:
Շարունակում են ուրախ երգ ու պարով, ձվախաղերով:
Զատկական խոհանոց
Տես՝ Ռ. Հարոյան «Զատիկ», «Զատկի խոհանոց» բաժին
Խաղեր՝ Ծաղկազարդին և Զատիկին խաղալու համար

Խաղեր կարկաչայով
ա. «Անձրև»
Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են
շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել
լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:
բ. «Կարկաչա»
Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում կրծքի ուղղությամբ,
արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ
դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի
մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:
— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու
հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:
Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց
երաժշտության:
գ. «Ձվերն ու կարկաչաները»
ü Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:
Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և
ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը,
կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի
ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը
շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է
գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական»
հարվածային ձայներ:
ü Խաղ ուռենու օրհնված ճյուղերով
Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով,
գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով
շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով
կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով,
կանգնում շարքի դիմաց նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին
զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների
նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա
հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները:
Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:
ü Բալուում խաղում էին Ծաղկազարդին բնորոշ խաղ:
10 – 12 տարեկան տղաները նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար
ձողեր, կարմիր ներկում դրանք: Խաղացողներից մեկը իր ձողը շեղակի դեմ էր անում
պատին, մյուսն իր ձողով հարվածում էր: Կոտրվածը հաղթողին էր բաժին ընկնում:
Կոտրվածները պահում էին Զատիկի թանապուրի տակ այրելու համար:
Անհրաժեշտ պարագաներ – թռչունների տիկնիկներ, պատրաստած ծառ կամ ծառի
ճյուղեր
Սուրբ Հարության տոն. Զատիկ
Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված
ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և
ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով
հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի:
Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:
Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում
կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու
նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության փայտ, որը որպես պատնեշ
դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են
փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝
թողնելով ձվարշավի տպավորություն:
Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն
համարվում է հաղթողը:
Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը
Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված
գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական
կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով
դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս
ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով
խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները
կողքից վանկարկում են.
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
Ամենաուժեղ թռչունները
Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝
մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու
փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի
մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած
ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝
ձուն:
Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ
սովորողների հետ:
Արագաշարժ թռչունները
Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են
իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ
պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը:
Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով),
կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:
Ճարպիկ թռչունները
«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ
«թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ
տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով
պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր
պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ
ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով
դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե,
բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա,
ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:
Արագակեր ձագուկը
Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում
կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում,
փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ,
հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ
առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:
Պահիր մայր թռչունին
Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած
շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը:
Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց
կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին
հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր
թռչունին, հաղթող է ճանաչվում:
Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար
բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»:
Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել
ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:
Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի
տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված 2-5
տարեկան սաների տարիքային խմբին:

Ավագ շաբաթվա խաղեր
Խնոցին հա հարեմ
Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու,
գոտկատեղից վերև ընկած հատվածով ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով,
ասում.
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ՝ սար հանեմ:
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ,
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,
Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
– Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
Երաժշտական խաղ «Ջրաղաց»
Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, ձախ ձեռքերը իրար ուսի
վրա դնելով, թեթև, կամաց վազքով պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»:
Նույն քանակով «ջուր» երեխաներ, մի փոքր հեռավորության վրա, իրար հետևից
շարված, կանգնած են: Նրանցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից
մեկի աջ ձեռքից, իսկ ձախով ցուցադրում է անիվի պտտվելու շարժումը: Երեխաներից
մի քանիսը կազմում են շրջան, դառնում «ջրաղացի քար» և մի փոքր հեռավորության
վրա կանգնում: Երբ «ջրաղացի անիվը» սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած
երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ վանկարկում.
«Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ ռիթմիկ հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու
անիվը դառնում են ցորեն և մոտենում ջրաղացքարին: Վերջինս տեղում կանգնելով և
շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով
«Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է
պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը: Քիչ անց քարը նորից
կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով «Փառ,
փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:
Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան հնչողությամբ
հարվածայիններ կամ շրխկաններ:
«Խնոցի, հարոցի» – 1
Խաղում են.
ա. Երկուսով (ցանկալի է՝ դաստիարակները), յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր
դաստակից: Կանգնում են իրար դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է
դիմացինի աջ դաստակից: Նրանք դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է
նրանց ձեռքերին, իր ձեռքերով փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու
արտասանում կրկնակն ու առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային
ու, ծափ տալով, ասում. «Տփեցի»: Ապա հերթով կարող են թվարկել ներկաների
անունները, որնց կամ «տփում» են կամ՝ տալիս (տվեցի):
Տեքստը կարելի է շարունակել «բ» տարբերակով:
բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ – գալու
շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ շարժումով
առաջ ու ետ տանելով, ասում են.
կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին – Հոփփը, լըփփը (կրկնում են 2 անգամ)
Զըմփը, դըմփը (2 անգամ)
Ծափը, ծըփը(2 անգամ)
1. – Խնոցի,
– Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:
2. -Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
3. – Խնոցի,
– Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:
կրկնակ.-
Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի
ավարտից անմիջապես հետո, երգում են «Հարի, հարի, խնոցի» երգը:
«Խնոցի, հարոցի» – 2
Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը
թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է
մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` սար հանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
«Չիք–չիք, աղամ»
Խաղը կարելի է խաղալ.
ա. երկու խմբով,
բ. մեկը հարցնում է, մյուսը՝ պատասխանում,
գ. դաստիարակը, դասվարը, խաղավարը հարցերի միջոցով պարզում է՝ ի՞նչն է
խանգարում սանին, սովորողին, ի՞նչը չէին ցանկանա, որ լիներ:
Առաջին խումբ – Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ – Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում) այն
ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
– Աղամ, աղամ, ի՞նչն աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
– Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
– Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այն ամենը, ինչի գոյությունը չեն
ցանկանում:
Զատկական խոհանոց
Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ:
Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած
տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ
դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ
ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և
ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը
չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Զատկական ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում
էին և նախշազարդում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի
փնջիկ է թողնվում, իսկ սուր ծայրում` նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն
կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում կամ էլ հայելու
առջև: